
Վասպուրականի հմայքը Վանա լիճն է իր ամբողջ ավազանով։
Վանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով։ Այսպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրականի նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Աղթամար կղզու անունով):
Լիճը հարավից եզերված է Կորդվաց լեռներով, որոնց ամենագեղեցիկ գագաթներից է Արտոսը, արևելքում բարձրանում է Վասպուրականի նահապետ երկգագաթ Վարազը, հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մասիսը՝ Սիփանը, որից այն կողմ ձգվում են Ալադաղի կամ Ծաղկանց լեռները, արևմուտքում է գտնվում Նեմրութ և պատմական Գռգուռը։ Լճի մակերեսը երեք հազար յոթ հարյուր քառակուսի կիլոմետր է։ Բանձրությունը ծովի մակարդակից 1720 մետր է։ Սևանից մեծ է ավելի քան, երկոս ու կես անգամ, բայց Սևանից ցածր է 194 մետրով (մինչև Սևանի իջեցումը):
Վասպուրականի կլիման մեղմ է՝ շնորհիվ Վանա լճի բարերար ազդեցության և շրջանի ռելիեֆի կազմության։ Այդտեղ աճում են խաղող (Արճեշում), խնձոր, ընկույզ (Արտամետում) ։ Շատ են հատապտուղները։ Մինչև հայաթափ լինելը լճի ավազանում և հատկապես Վան քաղաքում բնակչության մեծամասնությունը հայեր էին։
Վանա լճում են գտնվում թվով չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր։ Հայ ժողովրդի պատմության մեջ ավելի նշանավոր դեր խաղաց Աղթամարը, որը գտնվում է լճի հարավ-արևմուտքում, ցամաքից մոտ չորս կիլոմետր հեռու, Ավանց գյուղի դիմաց։
Վանա լիճը, Վասպուրականի մարզը, Վան քաղաքը, ինչպես նաև Աղթամար կղզին առանձնահատուկ տեղ ունեն հայ ժողովրդի պատմության մեջ։

Հետաքրքիր փաստեր Աղթամար կղզու մասին
Աղթամար կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից։ Կղզու հյուսիս-արևմտյան անկյունում պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր, որոնք, ըստ Հ, Օբելյու, միչուրարտական բնակավայրի մնացորդներ են։ Մովսես Խորենացու վկայությամբ, Աղթամարում IV դարում եղել է Ռշտունի նախարարների ամրոց։ VII դ կեսերին արաբների դեմ մղված պայքարում Աղթամարը եղել է հենակետ Թեոդորոս Ռշտունու համար։
X դ սկզբին Արծրունյաց Գագիկ թագավորը Աղթամարում մեծ շինարարություն է սկսել՝ դարձնելով այն անառիկ բերդաքաղաք՝ Վասպուրականի Արծրունյաց թագավորության քաղաքական ու հոգևոր կենտրոն։ Թովմա Արծրունի պատմիչը հայտնում է, որ թագավորական հրամանով կղզու հարավային մասում «ծանր և դժվար փոխադրելի» ժայռաբեկորներով լիճը լցնելով՝ ստեղծել են մոտ հինգ կանգուն բարձրությամբ ամբարտակ։ Դրա վրա է բարձրացել պարիսպը՝ լայնանիստ ութ կոնտրֆորսներով և բազմաթիվ աշտարակներով։ Մեծ պարիսպն ունեցել է հինգ ասպարեզ (ձիարշավարան) երկարություն (554 մ)։ Աշտարակների ներսում եղել են «զբոսանքի խորանման գահույքներ»։ Ամրոցի մի ծայրում, հաստահեղույս պատերին կից, կառուցվել են մեծամեծ շտեմարաններ, համբարանոցներ, զինանոցներ և այլ օժանդակ շենքեր։
Ամբարտակի կառուցումով լճի մի հատվածն արհեստականորեն առանձնացվել է իբրև ծովածոց, որով և, ըստ պատմիչի, «բազում նաւաց յօրինեալ խաղաղ և անփոյթ նաւահանգիստ․․․»։ Պարիսպը և նավահանգիստը ներկայումս ջրի տակ են։ Զուգահեռաբար իրագործել է կղզու ճարտարապետական համակառույցի մյուս մասերի շինարարությունը, ստեղծվել դեպի քաղաքային հրապարակներերը, պարտեզներն ու այգիները տանող փողոցների որոշակի ցանց։
Ըստ հատակագծային հորինվածքի, կղզու բարձրադիր մասում կառուցվել են արքունական և իշխանական ապարանքներ, զբոսատեղիներ, փողոցներ ու ծառուղիներ , որոնք կրկին պարսպատվել և կազմել են միջնաբերդը։ Շինարարության պսակն են դարձել երկու հուշարձանկոթողներ՝ Գագիկ Արծրունու պալատը և Սուրբ Խաչ եկեղեցին, որոնց կառուցումը հանձնարարվել է հանճարեղ ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանուելին։