1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն:
Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը պատրաստվում է մինչև տարեվերջ հաստատել Մայր օրենքի նոր հայեցակարգը։
Պառլամենտակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական. կառավարման ի՞նչ մոդել է պետք Հայաստանին՝ հիմնականում այս հարցի պատասխանն է փնտրում խորհուրդը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատվեց այս տարվա հունվարին: Խորհրդի նախագահն արդարադատության նախարարն է:
Խորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվեցին մասնակցությունից, և ԱԺ-ից ներկայացված է միայն իշխանական «Քաղաքացիական պայմանագիրը»:
1991 թվականին համաժողովրդական հանրաքվեով հաստատելով իր անկախությունը՝ Հայաստանի Հանրապետությունը մաս կազմեց պետությունների համաշխարհային ընտանիքին: Հիմնադրման և զարգացման շրջանում երկիրն անցել է պետությունների կայացման բնորոշիչ գրեթե բոլոր փուլերով՝ առերեսվելով պատերազմին ու խաղաղությանը, ժողովրդավարությանն ու ավտորիտարիզմին, կայունությանն ու ճգնաժամին, անկմանն ու վերելքին:
Հայաստանը երբեմն ստիպված է եղել անցնել ետընթացի ու առաջընթացի նեղ արահետներով: Մեր պետությունն ու հասարակությունը, քանիցս բախվելով կոշտ մարտահրավերների, ցուցաբերել են ամուր կամք՝ դիմադրելու ժամանակի փորձությանը, և այսօր, կարծում եմ, առավել մեծ փորձով ու իմաստությամբ պետք է վերաբերվենք նոր իրողություններին: Պետությանը բաժին հասած ծանրագույն հարվածները, ըստ այդմ, նաև դժվարություններին դիմակայելու լիցք են հաղորդել, ուստի այսօրվա փորձություններին պիտի վերաբերվենք առավելագույն խորագիտության, հավաքականության ու ծանր աշխատանքի դրսևորումով, 21-րդ դարին բնորոշ զարգացած պետություն և կայացած ինստիտուտներ ունենալու ձգտումով:
Նման պետություն կառուցելու մեր նպատակը հենվում է նաև պետական կառավարման համակարգի արդիականացման հավակնոտ օրակարգի վրա: Կայացած ինստիտուտները ժամանակի մարտահրավերներին դիմակայելու պատրաստ և ապագա տեսլականն արդյունավետ քաղաքականության վերածելու ունակ պետությունների հենասյուներն են: Առավել ևս ներկա փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունը բախվեց կորոնավիրուսի համավարակի և Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած ավերիչ պատերազմի ծանր հետևանքներին:
Իրավիճակի արժանապատիվ հաղթահարման, երկրի անվտանգության կերտման ու կայուն զարգացման ճանապարհով ընթանալու համար անհրաժեշտ է ուժերի մեկտեղում, ռեսուրսների համախմբում և ռազմավարական տեսլականի ձևակերպում: Թերևս աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ պետական կառավարման էականորեն բարեփոխված համակարգի դերակատարումն այս հարցում ունի շոգեքարշի նշանակություն, և արդյունավետ ինստիտուտները, ըստ այդմ, բարեկեցիկ, անվտանգ և զարգացած պետություն կերտելու երաշխավորը պետք է դառնան:
Պետական կառավարման համակարգի վերափոխումը սովորաբար դանդաղ և դժվար գործընթաց է՝ հաշվի առնելով դրա չափազանց կոմպլեքս բնույթը և ի բնե զգուշավոր լինելը: Դրանով հանդերձ՝ ցանկացած կառավարման համակարգ դեգրադացվելու և լճանալու ռիսկ ունի: Պետական կառավարման համակարգը կարող է արդյունավետ լինել, երբ շարունակաբար արդիականանում է՝ ժամանակի պահանջներին, պայմաններին ու մարտահրավերներին համարժեք:
Տեխնոլոգիական առաջընթացի ժամանակակից տեմպերը, աճող աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, վիրտուալ իրականության, կլիմայական գլոբալ մարտահրավերները հաշվի առնելով՝ պետության արդիականացման պահանջն առավել սուր է արտահայտված: Հին համակարգերի, կառավարման մեթոդաբանության, քաղաքական կոնյուկտուրայով ու շահախնդրություններով ձևավորված ինստիտուտները չեն կարող արդյունավետորեն գործել նոր մտակերտվածք ու վարքագիծ կրող սոցիալական համակարգերում:
Հենց այդ նպատակին կոչված՝ ՀՀ կառավարությունը որդեգրում է «Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարություն: Կառավարություն 4.0» փաթեթը՝ որպես պետական կառավարման համակարգի արդիականացման քաղաքականությունը և բարեփոխումների ճանապարհային քարտեզը նախանշող համապարփակ օրակարգ: Այս համատեքստում ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ինչպիսի՞ պետություն և պետական կառավարման համակարգ է ձևավորվելու բարեփոխումների արդյունքում: Որակապես նոր պետական կառավարման համակարգի ձևավորման գործընթացը հենված է լինելու միմյանց հետ շաղկապված չորս ռազմավարական հենանիշերի վրա՝ քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ և ինստիտուտներ:
Հանրային կառավարման բարեփոխումների արդյունքում պետք է կարողանանք կայացնել ռազմավարական պլանավորման և քաղաքականության իրականացման իրատեսական, արդյունքամետ, կանխատեսելի և հաշվետու համակարգ, ձևավորել օգտագործողակենտրոն պետական և համայնքային ծառայությունների մատուցման քաղաքականություն և կոնյուկտուրա՝ հասանելի, թվայնացված և արդիական տեխնոլոգիական հենքով, հանրային շահի բարձր գիտակցությամբ, արժանապատիվ վարձատրությամբ, արհեստավարժ հանրային ծառայություն։ Այս երեք բաղադրիչները համալրվելու են արդյունավետ պետական ինստիտուտների կայացմամբ, և, ի հետևանս, ունենալու ենք «համակարգերի պետություն», որը պետության սահմանադրաիրավական գործառույթներում կբացառի ցնցումների հնարավորությունը՝ անկախ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից:
Ռազմավարության իրագործման հաջողության գրավականը բարեփոխումների շուրջ հանրային լայն համախոհությունն է՝ «պետությունը երջանիկ անհատի ու բարեկեցիկ հասարակության երաշխավորն է» բանաձևով: Խիստ կարևոր է, որ բարեփոխումները կրեն շարունակական բնույթ, ինչը հնարավոր է բացառապես քաղաքական հանձնառության ու կամքի պարագայում: Անկախ նրանից, թե ինչ իշխանություն է ձևավորվում ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, Հայաստանի՝ որպես բարեկեցիկ, ինստիտուցիոնալ և մրցունակ պետության կերտումը պիտի լինի մեր հանրային-պետական առաջնահերթությունը:
Առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանը Մայրսի 5-ին 2021 թ. հրապարակային առաջարկ է արել երկրորդ և երրորդ նախագահներին՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:
Լևոն Տեր-Պետրոսյանը ilur.am-ում հրապարակած հոդվածում տեղեկացնում է, որ դեռ մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը, որը կայացել էր իր նախաձեռնությամբ, ինքը Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին առաջարկել է ընդունել իր կողմից կազմված հետևյալ հայտարարությունը. «Անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից և սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ, անձնապես չհավակնելով իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու, առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք մեզ սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով»։
Ապա Տեր -Պետրոսյանը մանրամասնում է, որ այս թեմայով քննարկում տեղի չի ունեցել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն անմիջապես մերժել է այդ առաջարկը, ասելով, թե «դրանով դավաճանած կլինի իր կողմից ստեղծված «Հայաստանի փրկության շարժմանը»։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ըստ Տեր-Պետրոսյանի, նա որևէ կարծիք չի արտահայտել։
Իր հոդվածի եզրափակիչ մասում առաջին նախագահը հրապարակավ կրկնում է իր առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին ու հայտարարում. «Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»:
Որևէ կուսակցության անդամ չհանդիսացող Ռոբերտ Քոչարյանը արդեն հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի դաշինքով, ամենայն հավանականությամբ դաշինքի ուժերից մեկը կլինի Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Սերժ Սարգսյանի Հանրապետականն էլ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ դաշինքով է մասնակցելու հունիսի 20-ին նախատեսված արտահերթին։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցել-չմասնակցելու որոշումը դեռ չի հանրայնացրել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը՝ հայտարարում են. «Մենք արդեն ընտրել ենք մասնակցության այլ ձևաչափ, որի մասին կհայտարարենք ամենամոտ ապագայում»:
Երրորդ նախագահի գրասենյակից էլ հիշեցնում են, որ Հանրապետական կուսակցությունը ընդամենը օրեր առաջ իր որոշումը ընտրություններին մասնակցելու, ինչպես նաև ձևաչափի վերաբերյալ կայացրել է և հրապարակել:
Տեր-Պետրոսյանին արձագանքել է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով իր թիմակցի հարցին, առաջին նախագահի առաջարկը անվանեց «ավազակապետական հեղափոխություն»։
«Լևոն Տեր-Պետրոսյանը իր ընդդիմադիր քաղաքական գործունեության ընթացքում երկու անգամ փորձել է անել պատկերավոր ասած իշխանափոխություն կամ հեղափոխություն, մեկը եղել է 2008 թվականի ժողովրդական կամ ժողովրդավարական հեղափոխությունը, որը չի ստացվել հայտնի կամ գուցե նաև մեզ անհայտ պատճառներով, երկրորդը եղել է բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որի ճակատագիրը բոլորս գիտենք: Թերևս պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է կրկին փորձել և այս անգամ անել ավազակապետական հեղափոխություն: Ես ուրիշ իմ կարգավիճակի բերումով մի երկու տերմին էլ կա, ուղղակի հիմա չեմ օգտագործում, բայց կռահեցիք ավազակապետականի շարունակությունը: Ուրիշ բան եմ ուզում ասել, որ փաստորեն միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանին մեծ ճշգրտությամբ հաջողվել է նախկինում, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն է և իշխանության պահելն է, որը փաստորեն ձեզ հայտնի և դահլիճում ներկա և ոչ միայն դահլիճում ներկա մարդկանց ջանքերով խափանվել է: Ես որևէ այլ մեկնաբանություն չունեմ, Դուք հարցի մեջ ասացիք, որ փաստորեն 2008 թվականի մարտի 1-ը սկզբունքային տարաձայնություն է, և կարող եմ հաջողություն մաղթել մեր ժողովրդին և վստահություն հայտնել ձեզ բոլորիդ, որ ավազակապետական հեղափոխություն չի ստացվի», – հայտարարեց Փաշինյանը: