Posted in Պետրոս Դուրյան, գրականություն 9

Պետրոս Դուրյան

Պետրոս Աբրահամի Դուրյանը ծնվել է 1851 թվականի մայիսի 20-ին Կոստանդնոպոլսի Սկյուտար թաղամասում։ Ավարտել է Սկյուտարի ճեմարանը (1867 թվական)։ Տանը Պետիկին հատկացրել էին մի փոքրիկ սենյակ երկրորդ հարկում։ Սենյակի դիրքը հիրավի բանաստեղծական էր. պատուհանի տակ պարտեզն էր՝ թթի և հունապի ծառերով, իսկ հեռվում երևում էին Վոսփորը և Կ. Պոլսի համայնապատկերը, մյուս՝ արևմտյան կողմում, երկու սպիտակ շիրիմներ էին՝ երկու նոճիներով: Այդ նոճիները հետագայում բանաստեղծի տաղերում դարձան մահի ու վշտի խորհրդանիշ։ 1855-ին Պետիկին չորս տարեկանում «Պալասան տուտուի» մոտ են տանում, որ կարդալ-գրել սովորի։ Վեց տարեկանում նա դարձավ Սկյուտարի ձրիավարժ աշակերտը, որն ավարտեց 1867 թվականին։ Նա կանոնավոր հաճախում էր դասերին, բարեխղճորեն կատարում հանձնարարությունները։ Ճեմարանն ավարտեց գերազանց և նվեր ստացավ Լամարթինի մի հատորը, որից հետո միանգամից փոխադրվեց Զ կարգ, ուր դարձավ ավագ եղբոր՝ Հարությունի դասակիցը։ Այդ դպրոցում որպես ուսուցիչ պաշտոնավարել է հայ մեծանուն երգիծաբան Հակոբ Պարոնյանը, որն անչափ սիրել է Դուրյանին և խոր ազդեցություն թողել նրա վրա։ Դուրյանի աշակերտակիցները լավ էին սովորում։ Վարդան Լյութվյանը կատարելապես տիրապետում էր ֆրանսերենին, Տիգրան Ադամյանն աչքի էր ընկնում թուրքերենի իմացությամբ, Մարտիկ Պողիկյանը ուժեղ էր թվաբանությունից, Խաչիկ Ուղուրիկյանը ուներ քերականագետի հակումներ։ Մինչդեռ Պետրոսը հռչակված էր որպես դասարանի առաջին չարաճճին ու կատակաբանը, նա վարպետորեն կարողանում էր տնազել թե՛ ընկերներին, թե՛ ուսուցիչներին։ Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։