Թեմա 25. Հայկական հարցի միջազգայնացումը․
ա/ Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում
Բեռլինի վեհաժողովին արևմտահայության պահանջները ներկայացնելու համար ընտրվեց հայկական պատվիրակություն նախկին պատրիարք Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ: Նա իր քարտուղար և թարգմանիչ Մինաս Չերազի հետ մեկնեց Եվրոպա՝ մեծ տերությունների կառավարող շրջաններին ներկայացնելու հայ ժողովրդի ակնկալիքները: Խրիմյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների, ապա Անգլիայի պետական գործիչների հետ:
Պատվիրակության մյուս անդամը Խորեն Նարբեյն էր, որը պատրիարքի հանձնարարությամբ մեկնեց Պետերբուրգ: Նա ռուսական ցարին ներկայացնելու էր հայության խնդրանքը՝ վեհաժողովի ժամանակ դրական լուծում տալ հայ ժողովրդի ձգտումներին: Վեհաժողովի օրերին նրանք պետք է հանդիպեին Բեռլինում:
Վեհաժողովն սկսվեց 1878թ. հունիսի 1-ին և ավարտվեց հուլիսի 1-ին: Դրան մասնակցում էին Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Անգլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: Իբրև պարտված պետություն ներկա էր նաև Թուրքիայի պատվիրակությունը, որը Կիպրոսը Անգլիային զիջելով՝ ապահովեց նրա աջակցությունը: Պատերազմում հաղթած Ռուսաստանը Բեռլինում մնաց միայնակ, այստեղ ամեն մի պետություն հետապնդում էր իր շահը: Հայ պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի նիստերին: 16-րդ հոդվածը վերափոխվեց 61-ի: Հոդվածից հանվեց Հայաստան անվանումը, մնաց միայն «հայաբնակ մարզեր» անորոշ արտահայտությունը: Այս հոդվածով ոչ մի ժամկետ չէր նշվում բարենորոգումների կատարման համար, և դրանց մասին Բ. Դուռը պետք է հաշիվ տար ոչ թե Ռուսաստանին, այլ 6 մեծ պետություններին: Սրանց միջև գոյություն ունեցող հակամարտությունները թույլ չէին տալու միասնական գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ: Մեծ բանավեճեր սկսվեցին Արևմտյան Հայաստանից Ռուսաստանին անցնող տարածքների հարցում: Անգլիայի պնդմամբ Թուրքիային վերադարձվեցին Էրզրումը, Ալաշկերտի հովիտը, Բայազետը և հարակից տարածքները: Ռուսաստանին մնացին միայն Բաթումը, Կարսը, Արդահանը, Արդվինը: Վերջին երեքից ստեղծվեց Կարսի մարզը, որը մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը մնաց Ռուսաստանի կազմում:
Հայ պատվիրակությունը Բեռլինից վերադարձավ հուսախաբ: Մկրտիչ Խրիմյանն զգաց, որ աղերսաթղթերը և խնդրագրերը չեն կարող օգնել հայությանը, որ ժողովուրդը կարող է փրկվել միայն պայքարով: Հայկական հարցը 61-րդ հոդվածով միջազգայնացվեց: Մեծ տերություններն իրենց քաղաքականությունը դարձրին Թուրքիայից որևէ պահանջ ունենալու պարագայում բարձրացնել հայկական հարցը՝ 61-րդ հոդվածի իրագործումը, արևմտահայության համար բարենորոգումներ կատարելու խնդիրը: Սուլթան Աբդուլ Համիդն զգաց այդ վտանգը և ծրագրեց հայկական հարցը վճռել յուրովի՝ զանգվածային կոտորածների միջոցով: Այդ չարիքը կանխազգացին հայ իրատես գործիչները՝ Գրիգոր Օտյանը, նաև Գարեգին Սրվանձտյանը, որոնք քարոզում էին, որ հայության ազատության խնդիրը հայ ժողովրդի ձեռքին է. «Հայաստանի մեջն է բուն հայկական խնդիրը, իսկ մենք Պեռլինի մեջ կորոնենք զայն»:
Թեմա 26. Հայդուկային շարժումը․
ա/ Շարժման առաջացումը
Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:
Սուլթան Աբդուլ Համիդ II–ի հաստատած արյունալի վարչակարգի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի։ Արևմտահայ գյուղացին ինքնաբուխ ծավալեց անհատական, պարտիզանական շարժում, որը ստացել է հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Արևմտյան Հայաստանում հայդուկային շարժման հանդես գալը պատահական երևույթ չէր։ Այն հետևանք էր արևմտահայության քաղաքական և սոցիալ– տնտեսական ծանր վիճակի:
բ/ Նշանավոր հայդուկներ
Աղբյուր Սերոբ
Ծնվել է 1864թվականին Ախլաթի Սոխորդ գյուղում: Դեռևս երիտասարդ բախվել է Թուրքիայում տիրող անարդարությանը և, խուսափելով իշխանությունների հետապնդումներից, 1891 թ-ին եղբայրների օգնությամբ հասել է Կոստանդնուպոլիս, ապա տեղափոխվել է Ռումինիա և անդամագրվել ՀՀԴ կուսակցությանը: Իմանալով Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած հայերի կոտորածների մասին՝ 1895 թ-ին 27 հոգուց բաղկացած խմբով վերադարձել է Խլաթ և կազմակերպել գավառի հայկական գյուղերի ինքնապաշտպանությունը: Հերոսամարտից հետո թուրքական կառավարությունն ամենուրեք հետապնդել է Սերոբին: Ի վերջո Թուրքերին հաջողվել է դավադիրների միջոցով թունավորել նրան, սակայն մինչև վերահաս մահը Սերոբը շարունակել է մարտը: Սերոբի կինը` Սոսեն, խմբի միակ կին հայդուկն էր:
Անդրանիկ Օզանյան
Անդրանիկ Օզանյանը նաև հայտնի որպես Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա, հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ, նախկին դաշնակցական էր։ Ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ Անդրանիկ հայերեն նշանակում է «առաջնեկ»: Նա առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ Մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թվականին մեկնում է արտասահման։ 1897 թվականին Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականը։ 1912-1913 թվականներին Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։
Հրայր Դժոխք
Հրայր Դժոխք կամ Ուրվական, ծնունդով՝ Արմենակ Մամբրեի Ղազարյանը, հայդուկապետ, ռազմական տեսաբան, Արևմտահայ ազատագրական պայքարի մեծագույն ղեկավարներից մեկն է: Ծնվել է 1864 թվականին Սասունի Խուլփի գավառակի Ահարոնք գյուղում։ Իրականացրել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով՝ փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։
Գևորգ Չաուշ
Գևորգ Չաուշը հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ է։ Ծնվել է 1870 թվականին Սասունի Փսանաց գավառի Մկթենք գյուղում։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։ Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։