Posted in գրականություն 11

Ձիու խորհրդանիշը՝ «Սասնա Ծռերում»

Քուռկիկ Ջալալու խորհրդանիշը էպոսում ամենամշուշոտներից է, իսկ նրա խորհուրդը՝ ամենանշանավորներից: Անկասկած է, որ էպոսում Քուռկիկ Ջալալին հայ դիցհերոսների համար շատ հարազատ, թանկագին ու խորհրդավոր է, այն աստիճան, որ նրանք իրենց կյանքը, թշնամու դեմ դուրս գալն ու հաղթելը չեն պատկերացնում առանց նրա:

Ոգեգիտության և երազաբանության մեջ ձին ոգեղենության, ուժի, աստվածատու շնորհների, կյանքի անկասելի ընթացքի, «մուրազի» խորհրդանիշ է: Էպոսաստեղծ մեր ազգը այդ խորհրդանիշին է դիմել՝ արտահայտելու իր կյանքի՝ անչափ կենսալից աստվածատու խորհուրդներից մեկը: 

Պատահական չէր նաև ձիու անվան ընտրությունը: Քուռկիկ՝ հավերժ երիտասարդ, չծերացող, ժամանակ-տարածությունում հավերժ նորոգվող է, Ջալալին՝ հրեղեն, անմահ ոգի է եւ ո՛չ մարմնավոր գոյություն:

Էպոսում Քուռկիկ Ջալալու մասին առաջին հիշատակումն արվում է Սանասար եւ Բաղդասար ճյուղում: Եղբայրները գիտակցելով, որ իրենք բնույթով «հրեղեն» են, հետեւաբար, իրենց հետ  իրենց նման հրեղեն էակ պիտի լինի, գնում են գետի ափ՝ իրենց նման այդ էակին գտնելու: Հերոսների՝ բնույթային ինքնագիտակցության գալու այդ քայլին հետեւում է նախ Սանասարի՝ «ծով» մտնելու համարձակությունն ունենալու քայլը, ապա՝ «Աստծու հրամանքը», ու՝ ծովի բացվելը: Ծովի բացվելուց հետո՝ «Սանասարի աչի առջեւ էղավ չոր գետին», մինչդեռ «Բաղդասարի աչից ծով կ՛էրեւար»: Էպոսում «ծովը» եւս խորհրդանշական իմաստ ունի. արտահայտում է հերոսների ամենօրյա կյանքը՝ ալեբախություններով ու պատահական դրսեւորումներով: 

Քուռկիկ Ջալալին հեշտությամբ չի հանձնվում դիցհերոսների տնօրինությանը: Նա թույլ է տալիս իրեն «հեծնել» միայն այն պարագայում, երբ համոզվում է, որ «հեծվորը» հարազատ է, արժանի, ոգեղեն: «Ես քոնն եմ, դու էլ իմն ես, նստի՛»,- ասում է Քուռկիկ Ջալալին: Նա Սասնա տան համար սրբազան ժառանգություն է, եւ նրա կողքին ցանկացած նյութեղեն արժեք համարվում է հեչ բան: «Էս ձին,- արժեւորում է Դավիթը,- էս ամբողջ կարողությունը արժի»: Քուռկիկ Ջալալին Սասնա տան համար այնքան է սրբազան, որ Տան մեծամեծերը երբեմն ափսոսում են նրան ժառանգորդին տալ՝ կասկածելով, որ նա բոլորանվեր տեր չի կանգնի ժառանգությանը: 

Ձին էպոսում ներկայացվում է նաեւ որպես «իմաստուն ձի» (իմաստուն խորհուրդներ է տալիս իր տերերին), մեկ այլում իր հեծվորներին հուշում է՝ ինչ անել, ինչ ճանապարհով գնալ, զորացման ինչ եղանակների դիմել, մեկ այլում էլ՝ հուսահատության գիրկն ընկած հերոսին ոգեպնդում է, ո՛ւժ է տալիս:

Քուռկիկ Ջալալի խորհրդանիշի հասկացումը թերի կլինի առանց էպոսի վերջին՝ Փոքր Մհեր ճյուղի՝ ավարտական դրվագի: Դիցազունը «վեր աշխրքին» ման գալով, բայց «աշխրքի էրեսեն անմաս մնալով»՝ վերադառնում է Տուն: Տունն էլ, սակայն, նրան «անմաս» է թողնում, ինչպես որ հարկն է՝ չի ընդունում (օտարություն էր առաջացել դիցազունի եւ Տան միջեւ): «Հողն» էլ չի «դադրում» նրա Ձիու ոտքերի տակ: Դիցազունը գնում է հոր ու մոր գերեզմանին՝ իր ողբերգությունը լալու: Հոր ու մոր ոգիները նրան խորհորդ են տալիս էլ ման չգալ աշխարհով մեկ, եւ գնալ-փակվել Ագռավաքարում, հետո էլ, երբ «Աշխարհք ավերի, մեկ էլ շինվի» (երբ գետինն արդեն կդիմանա Քուռկիկ Ջալալու ոտքերի տակ, հեծվորն էլ կվերականգնի իր՝ Սասնա տան մեջ ու աշխարհում առաքելությունը), այն ժամանակ Մհերը վերին հրամանքով դուրս կգա Ագռավաքարից եւ աշխարհն արդեն իրենը կլինի: Փոքր Մհերը համոզվելով հոր ու մոր ոգիների ասածների ճշմարտացիության մեջ, որ աշխարհը «հալեւորցեր» ու «մեղավորցեր» է, մարդիկ էլ փոքրացել են (այսինքն՝ եկել է երկրային կյանքի մի պարբերության վերջը՝ ձմեռը), վարվում է ծնողների ասածների համաձայն:

Խմբակային աշխատանք