Posted in գրականություն 9, Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան

1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում: Բանտից դուրս գալուց հետո տպագրել է բանաստեղծությունների իր առաջին գիրքը՝ «Երգեր և վերքեր»:

1902 թվականին հաստատվել է Թիֆլիսում: 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը: 1908 թվականի դեկտեմբերին, 158 հայ առաջադեմ մտավորականների հետ, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով»: Կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել է: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և Իսահակյանը մեկնում է Բեռլին: Միչև հայրենիք վերադառնալը ճամփորդել ու պարգևներ է ստացել:

1936 թվականին բանաստեղծը վերադարձավ հայրենիք: Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ: 1946-1957 թվականներին եղել է Հայաստանի գրողների միություն նախագահ: Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին, Երևանում: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում: 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը:

Posted in Միսաք Մեծարենց, գրականություն 9

Միսաք Մեծարենց

միսակ

Միսաք Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին Արևմտյան Հայաստանի Ակնա գավառի Բինկյան(Բինկա) գյուղում, որը գտնվում է Եփրատի ձախ ափին։ Գյուղը երեք կողմից շրջապատված էր ժայռերով ու կիրճերով, մի կողմից՝ գետով, ուստի դիմացի դաշտի հետ կապվում էր գիշերը փակվող կամուրջով, որը թշնամու հարձակման ժամանակ գետի վրայից վերցնում էին և թույլ չէին տալիս թշնամուն գյուղ մտնել։ Նշանավոր բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրում է, որ Բինկյան գյուղի բնակիչները զենք ունեին. «Ամեն սենյակի մեկ կողմն գիրք շարած են, երկու կողմն զենքեր, մեկ կողմն ալ փորի պետքեր»։ Այս միջավայրում Մեծարենցի մեջ տպավորվում է ավելի շատ գրքի, քան զենքի պաշտամունքը, մանավանդ, որ նա խառնվածքով ամաչկոտ էր ու լռակյաց, խուսափում էր ընկերական շրջապատից և հասակին բնորոշ չարաճճիություններից։ 1892թվականին՝ վեց տարեկան հասակում, ապագա բանաստեղծը հաճախում է գյուղի Մեսրոպյան վարժարանը, որտեղ իր վեհերոտ բնավորության պատճառով աչքի չի ընկում ուսման մեջ։

 Թրթռումներ

Կ’ասղնտեն քօղքը մութին.
Լուսնի ցոլքեր կ’անհետին
Խորքը ծովուն հոլանի:
Հըմայքներով փողփողուն,
Հեշտութիւն մը կապոյտի,
Հանդարտօրէն կը Ժպտի
Հոգւոյս մըռայլ տենչերուն:
Սիրոյ յուշեր լուսաւէտ,
Դողդոջուն ու ցնծագին,
Արագօրէն կը ծագին
Հըպարտ կ’անցնիմ երբ քովէդ:
Ըզգացում մը բիւրեղէ,
Ծիածանի երանգով,
Ցաւոտ հոգւոյս մութին քով
Լոյս ակօսներ կը պեղէ:

Բարձրարվեստ ստեղծագործունթյուն է` ողողված սիրո վերհուշի պատկերներով: Բանաստեղծությունը թև փոքրածավալ է, բայց մի ողջ դրամա է ամփոփում իր մեջ: Մռայլ է հերոսի հոգին, սակայն նրան չեն լքել սիրո լուսավոր հուշերը: Նա անցնում է սիրած էակի կողքով, անպատասխան սիրուց ցուրտ է հոգին: Այդ ամենը լրացնում է բնության գեղեցիկ պատկերներով որոնք ավելի են ընդգծում դրամատիկ իրավիճակը:

Posted in Հովհաննես Շիրազ, գրականություն 9

Հովհաննես Շիրազ

Հովհաննես Շիրազը (իսկական անուն-ազգանունը՝ Օնիկ Կարապետյան) ծնվել է Ապրիլի 27-ին 1914թ․ փոքր տարիքում կորցրել է հորը, մանկությունն անցկացրել որբանոցում: Շուկայում պատահաբար գտել է մորը, նրա խորհրդով դարձել է կոշկակարի աշակերտ, ապա՝ ջուլհակ: 1925-1932թթ. սովորել է ծննդավայրի 7-ամյա դպրոցներից մեկում, այնուհետև աշխատել է տեքստիլ կոմբինատի «Մանածագործ» թերթում, որտեղ էլ 1932թ. տպագրվել են նրա առաջին բանաստեղծությունները: 1941թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1956թ.՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը: 1941-1945թթ. աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: 1935թ. լույս է տեսել Շիրազի բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Գարնանամուտը», որտեղ դրսևորվել է հեղինակի անհատականությունը`   նախընտրած թեմաների յուրովի մեկնաբանություն, զգացմունքների արտահայտման անմիջականություն, պատկերային ինքնատիպ գույներ: «Գարնանամուտ»-ին հաջորդել են «Սիամանթո և Խջեզարե» (1935թ.) վիպերգը, «Արևի երկիր» (1938թ.) քնարական պոեմը, «Երգ Հայաստանի» (1940թ.), «Բանաստեղծի ձայնը», «Երգերի գիրք» (երկուսն էլ՝ 1942թ.), «Լիրիկա» (1946թ.) ժողովածուները, որոնք նշանակալի երևույթ են հայ քնարերգության մեջ: 1946թ. լույս է տեսել «Բիբլիական» խոհափիլիսոփայական պոեմը, որի հերոսը մարդն է՝ ժամանակային մեծ ընդգրկումների մեջ:

Posted in Պարույր Սևակ, գրականություն 9

նամակը Սուլամիթային

Ես համատարած վերք եմ: Եվ սրանք բառեր չեն, այլ փաստ: Ես ամբողջությամբ ճիչ եմ. “Սուլաաաա”: Ես անդիմադրելի լաց եմ:
Իմ հոգում թախիծ է:
Դե օգնիր ինձ, ախր ես քո հարազատն եմ:
Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ հետ, եթե այսպես շարունակվի:
Ինձ համար այնպես ծանր է, որ ուզում, ամբողջ սրտով միայն մի բան եմ ուզում. մեռնել: Անկեղծ ասեմ, և ծանրակշիռ. ուզում եմ մեռնել…
Դու ինքդ էլ չգիտես, թե որքան թանկ ես ինձ համար, թե որքան եմ սիրում ես քեզ:
Ինչու՞ եկար: Պետք չէր…
Հանգստացրու ինձ: Չէ՞ որ ես քո հարազատն եմ:
Այդպես չի կարելի.- նստել ծառուղում և օրը ցերեկով լաց լինել:
Ինչու՞ դու կողքս չես, որպեսզի ինձ նայես թախծոտ-թախծոտ:
…Հենց նոր ստացա հեռագիրդ: Անհանգիստ եմ քեզ համար: Թող նա չտանջի քեզ, թող չհամարձակվի, թե չէ ես նրան կսպանեմ: Թող նա շատ սիրի քեզ, շ-ա-տ, թե չէ… Ինքս էլ չգիտեմ:
Շտապ ինձ գրիր, թե ինչպես ես և ինչ կա: Շատ անհանգիստ եմ:
Էլ գրել չեմ կարողանում:
Շտապ գրիր, թե որտեղ ես: Ամսի 7-ին ինչպե՞ս շնորհավորեմ քեզ, որտե՞ղ:
Մոսկվայո՞ւմ: Սոչիո՞ւմ: Եվ որտե՞ղ ուղարկեմ այս թուղթը: Սոչի՞:
Եթե դու այն ստանաս ամսի 7-ին, ընդունիր իբրև շնորհավորանք, իսկ իսկականը հավանաբար կստանաս ավելի ուշ:
Սուլաաա:
Ես սիրում եմ քեզ, սիրում եմ խելագարի պես, գազանի նման, ինչպես հիվանդ:
Գրկում եմ քեզ, հպվում եմ քեզ, միանում եմ քեզ հետ:
Եվ լալիս եմ: Եվ լալիս եմ: Աստված մի արասցե, որ քեզ համար էլ այսքան անմարդկային տխուր լինի:
Սիրելիս:
Սիրելիս:
Սիրելիս:
Շատ վատ եմ աշխատում: Այսինքն` չեմ աշխատում:
Վաղվանից սկսելու եմ:
Դու ինձ շատ ես պետք: Մի կորչիր:
Ես միշտ քոնն եմ լինելու:
Ոչ մի էժան բան մի արա.- սա խանդ չէ, այլ եղբայրական հարաբերություն:
Քեզ օգնել, հարազատս, ցավոք չեմ կարող.-ինչ-որ կերպ ապրիր, մինչև որ փող կհայտնվի:
Չի կարող պատահել, որ մինչև գարուն չհանդիպենք.- կխելագարվեմ կամ ինքնասպան կլինեմ:
… Խաբում եմ (բանաստեղծորեն), թե գիտեմ քո անվան գույնը:
Բայց թե ինչ բույր ունես դու, դա արդեն հաստատ գիտեմ, էլ չեմ ասում համի մասին:
Իմ բուրմունք, ախր ես չեմ կարող առանց այդ բույրի:
Թույլ տուր ինձ` Սողոմոնիս, ընկնել քո որովայնին ու հոտոտել այդ բույրը…
Հանկարծ հասկացա, որ ֆի-զի-կա-պես, թե ինչպես եմ քեզ ցանկանում, իմ է-գ-ի-ն…
Համբուրում եմ որովայնդ, և չգիտեմ, թե ինչպես եմ քնելու: Քեզ եմ ուզում, ուզում, ու-զ-ու-մ: Ուզում եմ հայհոյել!!!”

Posted in Պարույր Սևակ, գրականություն 9

Պարույր Սևակ- բանաստեղծություններ

ԴՈՒ Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…

Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում…

Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի…

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում…

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն…

ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն:
Իսկ ես չունե՞մ

Ու ջնջում եմ
էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,
Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»
(Փող ունենամ՝
Կհասկանամ
Առանց և այդ լամպագրի)…

… Ու բացում եմ
Փակ դռները գիշերային խանութների.
Ընդամենը հարկավոր է ծխելու բան,
Որ կուզեյի ինձ վաճառեր
Ա՛յն աղջիկը,
Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,
Որի անունն անհայտ է ինձ,
Որի սիրտը փակ է իմ դեմ`
Ինչպես խանութն այս լեփլեցուն,
Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,
Ես չգիտեմ,
Բայց կուզեի,
Շա~տ կուզեի,
Որ նա սիրել կարողանար
Նաև… տգեղ տղամարդու…

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե՞մ

… Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,
Որ երբևէ չէի կարող ասել կյանքում…
… Բաց եմ անում
Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`
Իրենց թաքուն պոեզիայով,
Որ կուտակվել Է դարեդար…

… Ներս եմ մտնում ա՛յն դռներից,
Որ միշտ փակ են եղել իմ դեմ
Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,
Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,
Բայց լեմ ասի նաև այսօր,
Այսօ՛ր,
Երբ ես կարծես ունեմ թույլտվություն…
… Ներս եմ մտնում
Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,
Որ կինն ունի՝
Երբ այդ կինը
Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,
Այլև շա~տ լավ է հասկացել,
Թե չի սիրում ինչի՛ համար:
Ա՛յն կինը, որ գիտի մի բան
Եվ չգիտե ևս մի բան.
Նա չգիտի,
Որ աշխարվում
Կարելի է ապրել նաև առանց սիրո,
Եվ լա՛վ գիտի,
Որ երբևէ,
Ի~նչ էլ լինի ու չլինի՝
Անկարող է դավաճանել…

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն
Իսկ ես չունե~մ…

ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ…

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան

Պտտեցնում եմ մատլս և… փոխարեն թելի
Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :
Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,
Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ…

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում…

Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով…

Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում
Իբրև անքնություն փարատող դեղ
Եվ հայելուց… պիտի կոշի~կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…

Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է
Ինձ Հայելի պետք չէ
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն…

Նամակ 

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս էլ չգիտեմ.
“Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու…
Ձմե՛ռ ու ամա՜ռ,
Աշո՛ւն ու գարո՜ւն…
Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը…”

Նա՞ է գրում ինձ
Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝
Ինքս ել չգիտեմ.
“Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ
Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,
Որով անցել ես ամռան օրերին,
Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով
Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`
Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,
Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`
Ճանկռում են դեմքդ,
Աչքիդ սպառնում:
Ես քայլում էի աղջամուղջի մեջ,
Ու քայլում էի նաև … մտացիր:
Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-
Մի՞թե նույնը չէ:
Ու ես հասկացա,
Որ երբ հուզված ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,
Երբ անվստահ ենք`
Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.
Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը
Գուցե ամոթի՞ց
(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)
Գուցե կարոտի՞ց
(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):
Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար
Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ
Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն
(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)” …

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-
Ինքս էլ չգիտեմ.
“Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,
Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,
Ամառը անցավ` ես քեզ չտեսա,
Աշունը անցավ` չտեսա ես քեզ,
Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ…

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,
Այն հինգերորդը … մի՞թե չի գալու” …


Լավագույնը

Լավագույն ժպիտ ասվածը , անշուշտ,
Փակ աչքերովն է:

Իսկ լավագույնը երազանքների`
Բաց աչքերովը:

Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:

Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:

Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի կամանեում հսկա կայսրություն:

Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:

Լավագույն դիմակն այն է, անակասկած,
Որ կոչվում է դեմք:

Լավագույն դերը`
Վատ խաղացվածը:

Լավագույն սերը `
Կիսա~տ թողածը:

Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է:

Լավագույն կապիկն աշխարհում
Մարդն է երևի:

Լավագույն մարդն էլ
Ներեցեք… ես եմ…


ԱՊՐԵԼ

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:

Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:

Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բացվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ:
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս ,
Որ նրանց հետ մթնես – ամպես,
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ…

Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…


ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ 

Չգիտեմ ի՞նչ անեմ
Պատեպատ եմ զարկվում:
Հազար բան եմ տնտղում` կույրի նման,
Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին
Պատեպատ եմ զարկվում:
Չգիտերմ` ի՞նչ անեմ:
Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս
Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:
Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ
Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար
Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`
Ճակատս սեղմելով մտածում եմ,
Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային
Ճաղի արանքներից լուռ հածում է
Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,
Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.
Թո՛ղ որ ապրեն ազատ,
Ո՞ւմ են վնաս տվել:
Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,
Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին
Փակցված հայտերը և ազդերը բազում
Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն
Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`
Մի թատրոնի
Կամ թե
Մի համերգի տոմսով…

“Երբ ժամանակ լինի” ասելով չէ՞ր,
Որ անցավ մեր կյանքը ,
Մինչդեռ այս վայրկյանիս`
Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ…
Եվ իմ ներսի ձայնը
Խաղաղությամբ մի բութ
Սկսում է ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,
Որ ես քիչ է մնում “հե՜յ-հե՜յ” գոռամ`
Նախրապանի նման կամ հովվի պես.
Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,
Թե անտեր են իրենք:
“Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,
Նո՛ւյնպես գործ է:
Բայց ես հո չեմ կարող
Անվերջ “հե՜յ-հե՜յ” կանչել:
Ուրի՛շ գործ եմ ուզում:
Իսկ ի՞նչ:
Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի…

Պատացել է մութը արդեն վաղուց:
Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`
“Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ
Եվ “Առավոտ լուսո”:
Սա էլ գործ է, հարկա՛վ,
Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,
Իմ ուժից վե՜ր մի գործ:
Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,
Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,
Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից
Ձեռքերս սկսում են լուռ մտածել…

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,
Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում
Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `
Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը …
Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ
Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

Ես իրար եմ զարկում նրանց ամուր
Ու թողնում եմ այդպես.
Թող կո՛խ բռնեն
Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:
Իսկ ոտներըս,
Խանդո՜տ այս ոտներըս,
Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`
Հավանաբար, թաքուն մտածելով,
Թե դրանից աչքիս կբարձրանա
Նաև իրե՛նց հարգը …

Նո՛ւյն վայրկյանին
Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ
Բեռնամեքենայով ձիեր էին տանում,
Հասկանո՞ւմ եք, այո՛,
Չե՞ք հասկանում:
Այո՛, ձիե՜ր`
Նրա՛նց
Որ բյուրավոր դարեր
Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,
Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,
Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,
Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:
Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա
Այս քո փռշտացող մեքենայի համար,
Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր
Փոխադրականդ է փոխադըրում…

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,
Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,
Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա
Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,
Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր…
Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:
Լացս զսպեմ ու ձեր… ցա՜վը տանեմ, ձիե՜ր…

Եվ իմ ներսում ,
Որտեղ պարապությունն արդեն
Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`
Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,
Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-
Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,
Վրնջում են ձիե՜ր,
Խրխնջում են ձիե՜ր,
Դոփո՛ւմ,
Բերաններից կրա՜կ թափում
Ձիե՜ր…
Ձիե՜ր,
Այսքան ձիե՞ր…

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ “մեղա”,
Ինձ կտրում են փափուկ մահճակալից,
Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,
Որի առաջ կա մի… տանջված գրասեղան:
Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,
Որպեսզի… ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,
Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,
Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,
Դոփո՜ղ,
Բերաններից կրա՜կ թապող
Ձիե՛ր…

***

Մենք իրար ձեռք չսեղմեցինք
Եվ չասեցինք իրար անուն,
Լոկ ժպտացիր դու գեղեցիկ,
Ես հայացքով ողջունեցի,
Ե՞րբ են այդպես ծանոթանում:

Մենք իրար ձեռք չսեղմեցինք,
Բայց ծանոթ ենք իրար արդեն,
Դու իմ երազն ես գեղեցիկ,
Որ իմ ձեռքով ստեղծեցի,
Բայց չեմ կարող ձեռքով քանդել:

Վաղուց արդեն ծանոթ անուն
Ու սիրելի դեմք ես դարձել,
Որ վայելքներ է խոստանում,
Աչքով կանչում, ձեռքով վանում,
Ուզում է ինձ քաղցր տանջել:

Ես ուրիշին եմ պատկանում,
Դրա համար օտար եմ քեզ,
Դրա համար ես ինձ վանում,
Այդ է գոնե խոստովանում
Հայացքը քո պարզ ու անկեղծ…

…Ծանոթներ ենք ապօրինի,
Չսեղմեցինք մենք իրար ձեռք,
Բայց ե՛կ, այսօր մի վարանի,
Սեղմենք իրար մի գրկի մեջ,
Ծանոթանանք այսօր նորից
Օրինաբա՜ր, ապօրինի՜…

ՔՄԾԻԾԱՂ

Ամենից դժվար բանը սիրելն է:

Իսկ ոտներիցըս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացընել:

Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:

Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:

Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:

Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):

Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…

ՔՈ ՊԱՏՃԱՌՈՎ

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

Posted in Պարույր Սևակ, գրականություն 9

Պարույր Սևակ- կենսագրություն

Հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։

Գերազանց առաջադիմության շնորհիվ ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանուկ հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր փորձերն է անում պոեզիայում։1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։«Սովետական գրականություն» ամսագրում Պարույր Սևակ ստորագրությամբ տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարանք նրա սիրո, կարոտի, մայրական և հայրենասիրական երգերի համար:1955 թվականին Սևակն ավարտում է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ դասախոսելով, անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները։ 1970թ.-ին Պարույր Սևակն ստանում է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչումը։1963թ.-ից մինչև 1971թ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, 1966թ.-ից դառնում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

Posted in գրականություն 9, Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե «Արտիստը»

Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը իմ սիրելիներից մեկն է։ Այն պատմվում է հեղինակի դեմքից, ով հինգ ամիս էր ինչ Օդեսայում էր, բայց հասցրել էր արդեն չորս անգամ իր բնակավայրը փոխել։ Այդ գործընթացը հատուկ հաճույք էր պատճառում իրեն, քանի որ նոր միջավայր էր այցելում, նոր ծանոթություններ ունենում, և մի թաղից մյուսը տեղափոխվելը նմանեցնում էր մի երկրից մյուսը գնալուն։

Հենց ամենասկզբից ջերմ հարաբերություններ հաստատվեցին իր և հարևանների միջև, ովքեր իտալացիներ էին։ Քսան տարեկան Լուիզան՝ տանտիրուհու աղջիկը, ամեն օր դաշնամուր էր նվագում, երգում և իր հրապուրիչ ծիծաղով վարակում բոլորին։ Այդպիսի մի երեկո էր, երբ սենյակ մտավ Լևոնը՝ տասնութ տարեկան մի պատանի, հաճելի արտաքինով։ Նա ամբողջ շրջապատում հայտնի էր «Արտիստ» անվանմամբ։ Նրան այդպես էին անվանում, քանի որ սիրում էր արվեստը, նա նվագում էր և թատրոնի ոչ մի ներկայացում բաց չէր թողնում։ Լևոնը անծանոթ արտիստների համար միշտ փառք է ստեղծում՝ իր առաջին ծափահարությամբ, որին հետևում են մյուսները։ Պատանին առաջին իսկ հայացքից գրավեց հեղինակին, շուտով նրանք մտերմացան և հաճախակի զրույցներ էին ունենում։ Լևոնը Լուիզային շատ էր սիրում, բայց չէր ասում։ Լուիզան նույնպես սիրում էր Լևոնին, բայց եղբոր պես էր սիրում․․․

Լևոնի հայրը թատրոնի վարսավիր էր, ով սիրահարվել էր մի հանրահայտ երգչուհու, բայց ծաղրանքների և արհամարանքի պատճառով նա դարձել էր հարբեցող և հիվանդանալով՝ մահացել։ Նրա մայրը չէր ցանկանում, որ իր որդուն հոր բաղտը վիճակվի, այդ իսկ պատճառով փորձում էր հեռու պահել նրան թատրոնից, բայց ապարդյուն։

Լուիզան շատ գեղեցիկ ձայն ուներ և որոշել էր գնալ Իտալիա ձայնը մշակելու։ Նրան այնտեղ դիմավորելու էր իրենց հարևաններից մեկը՝ Կավալլարոն։ Լուիզա մեկնելուց առաջ ջերմ համբուրեց Լևոնին և խոստացավ, որ Լևոնի նվիրած գրիչով ամեն օր նամակ կգրի իրեն։ Լևոնը փոքր-ինչ խանդեց Կավալլարոին, բայց միաժամանակ նաև ուրախ էր․․․

Նա նվագում էր նավաստիների համար և այդպիսով փող վաստակում։ Մի օր նրան թալանեցին և գողացան իր կիթառը, բաճկոնը և կոշիկները։ Ամենից շատ նա ցավում էր իր ձախ կոշիկը կորցնելու համար, քանի որ ձախ կոշիկի մեջ էր պահում վեց ամսվա ընթացքում իր վաստակաց ամբողջ գումարը, որը պլանավորել էր ծախսել՝ Իտալիա մեկնելու և Լուիզային հանդիպելու վրա։ Տղային որոշ չափով հանգստացնելու համար հեղինակը նրան ասում էր, որ Լուիզա կարող է գոռոզացած լինի իր հաջողություններից և այդ պատճառով ջերմ չի էլ ընդունի նրա այցը։ Որոշ ժամանակ անց նա սկսում է նորից նվագել և աշխատել։ Նավաստիներից մեկին շատ դուր գալիս նրա նվագը և նա խոստանում է Լևոնին իր նավով տանել դեպի Իտալիայի ափերը։

Այդ օրը լուր է գալիս, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոնի հետ և մեկ տարով նրանք տեղափոխվել են Պարիզ։ Լսելով այս լուրը ուրախ Լևոնը մեկ ակնթարթում կորցնում է իր ամբողջ խինդը։ Հարգանքից ելնելով նա շնորհավորում է նրա հարազատներին, թեկուզ և ոչ սրտանց։

Այդ գիշեր Լևոնը տուն չի վերադառնում և հեղինակը մտահոգված լինելով, որոշում է փնտրել նրան։ Լևոնի ընկերները՝ Չաուշենկոն և Իցկոն, իմանալով իրողությունը նույնպես շտապում են գտնել Լևոնին, քանի որ գիտեին, որ ինքը տաքարյուն մարդ է։ Բայց նրանց փնտրտուքները արդյունք չեն տալիս։ Երբ հեղինակը վերադառնում է տուն, որոշ ժամանակ հետո տարօրինակ ձայներ է լսում իրեն տան բակից։ Լևոնին գտել էին․․․ Նավաստիները հանել էին նրան ջրից “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա․․․

Լևոն

Լևոնը 18 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:

Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար։ Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով` տաճկական արտասանությամբ:

Posted in Նար Դոս, գրականություն 9

Ես և նա վերլուծություն

Ուժեղ և թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես և Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված և նվիրված էր իր սիրած աղջկան, և համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող և «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ և քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած և փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ և դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը ևս մեկ առավելությամբ:

Posted in Սայաթ Նովա, գրականություն 9

Սայաթ Նովա

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-
բանաստեղծ: Ծնվել է 1722 թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ: Սայաթ- Նովան ինքն իրեն համրում էր «խալխի նոքար», այսինքն՝ ժողովրդի ծառա:

Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները): Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ: Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ:

Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ: Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է: Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն:

Posted in գրականություն 9, Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է:

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։