Թեմա 21. Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի
ա/ Էջմիածնի 1677թ. ժողովը: Հակոբ Ջուղայեցի
բ/ Ի. Օրու գործունեությունը
Էջմիածնի եկեղեցական ժողովը գաղտնի խորհրդաժողովներ էր Հայաստանը պարսկա-թուրքական տիրապետությունից ազատագրելու ուղիներ գտնելու նպատակով։ Իսլամադավան նվաճողների ազգային, կրոնական, տնտեսական ու հարկային ծանր քաղաքականությունը, պատերազմները, գերեվարություններն ու արտագաղթերը հայ ժողովրդին մղել են ազատագրական պայքարի։
1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրության հարցը: Ժողովին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ: Ներկա էին Սյունիքի ու Արցախի մելիքները: Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը: Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով: Մոտ երկու տարի մնալով Կոստանդնուպոլսում՝ հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան: Չի վերադառնում սակայն պատվիրակության հետ մեկնած 20-ամյա երիտասարդ Իսրայել Օրին, որը Սյունիքի մելիք Իսրայելի որդին էր:
Նա շարունակում է ճանապարհը և, Կոստանդնուպոլսից ուղևորվելով Իտալիա, այնտեղից մեկնում է Ֆրանսիա: Այստեղ նա մտնում է զինվորական ծառայության, ստանում սպայի աստիճան: Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում, որտեղ ներկայանում է կայսերընտիր իշխան Հովհան Վիլհելմին և նրա հետ քննարկում Հայաստանի ազատագրության մասին իր մտորումները: Հովհան Վիլհելմը հետաքրքրվում է Իսրայել Օրու մտահղացումներով և խոստանում աջակցել:
Մոտ քսան տարի Իսրայել Օրին դեգերում է Եվրոպայում: Հովհան Վիլհելմի խորհրդով Օրին որոշում է այցելել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար: Նա ժամանում է Հայաստան, լինում է Էջմիածնում, ապա ճանապարհվում Սյունիք:
Թեմա 22. Զինված պայքարը Արցախում և Սյունիքում
ա/ Զինված պայքարը Արցախում
Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730)։
18-րդ դարի սկզբին հայ ազատագրական շարժման առաջնորդներից Իսրայել Օրին մեկնում է Ռուսական կայսրության մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգ՝ Պետրոս Մեծից (1682-1725) օգնություն խնդրելու, Արևելյան Հայաստանն ազատագրելու և հայոց պետականությունը վերականգնելու նպատակով։ Ստանալով կայսեր համաձայնությունը՝ նա մեկնում է Հարավային Կովկաս և Իրան՝ որպես ռուսական բանակի սպա և դեսպան։ 1711 թվականին Ռուսաստան վերադառնալիս Օրին Աստրախանում մահանում է, և պատվիրակությունը հետ է գալիս Հայաստան։
Մի քանի տարի անց Սեֆյան Պարսկաստանում սկսվում են գահակալական կռիվներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է մայրաքաղաք Սպահանը։ Երկրում սկսվում է խառնաշփոթ ու անիշխանություն, իսկ գահաժառանգ Թահմասպը փախչում է Թավրիզ։ Օգտվելով դրությունից՝ Օսմանյան սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հարձակվում է Իրանի հյուսիսային տիրույթների՝ Հայաստանի, Վրաստանի ու Շիրվանի վրա։ Միևնույն ժամանակ Հյուսիսային պատերազմի հաղթական ավարտից հետո Հարավային Կովկաս է արշավում Պետրոս Մեծը։
Արցախում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների ու Օրբելյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի (1716-1724) գլխավորությամբ հայ ազատագրական ուժերը պատրաստվում են միասնաբար հանդես գալ թուրք-պարսկական լծի դեմ։
բ/ Զինված պայքարը Սյունիքում
Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731)։
Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան- Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում։
1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք։ Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս։ Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար։