Posted in գրականություն 9, Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե «Արտիստը»

Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը իմ սիրելիներից մեկն է։ Այն պատմվում է հեղինակի դեմքից, ով հինգ ամիս էր ինչ Օդեսայում էր, բայց հասցրել էր արդեն չորս անգամ իր բնակավայրը փոխել։ Այդ գործընթացը հատուկ հաճույք էր պատճառում իրեն, քանի որ նոր միջավայր էր այցելում, նոր ծանոթություններ ունենում, և մի թաղից մյուսը տեղափոխվելը նմանեցնում էր մի երկրից մյուսը գնալուն։

Հենց ամենասկզբից ջերմ հարաբերություններ հաստատվեցին իր և հարևանների միջև, ովքեր իտալացիներ էին։ Քսան տարեկան Լուիզան՝ տանտիրուհու աղջիկը, ամեն օր դաշնամուր էր նվագում, երգում և իր հրապուրիչ ծիծաղով վարակում բոլորին։ Այդպիսի մի երեկո էր, երբ սենյակ մտավ Լևոնը՝ տասնութ տարեկան մի պատանի, հաճելի արտաքինով։ Նա ամբողջ շրջապատում հայտնի էր «Արտիստ» անվանմամբ։ Նրան այդպես էին անվանում, քանի որ սիրում էր արվեստը, նա նվագում էր և թատրոնի ոչ մի ներկայացում բաց չէր թողնում։ Լևոնը անծանոթ արտիստների համար միշտ փառք է ստեղծում՝ իր առաջին ծափահարությամբ, որին հետևում են մյուսները։ Պատանին առաջին իսկ հայացքից գրավեց հեղինակին, շուտով նրանք մտերմացան և հաճախակի զրույցներ էին ունենում։ Լևոնը Լուիզային շատ էր սիրում, բայց չէր ասում։ Լուիզան նույնպես սիրում էր Լևոնին, բայց եղբոր պես էր սիրում․․․

Լևոնի հայրը թատրոնի վարսավիր էր, ով սիրահարվել էր մի հանրահայտ երգչուհու, բայց ծաղրանքների և արհամարանքի պատճառով նա դարձել էր հարբեցող և հիվանդանալով՝ մահացել։ Նրա մայրը չէր ցանկանում, որ իր որդուն հոր բաղտը վիճակվի, այդ իսկ պատճառով փորձում էր հեռու պահել նրան թատրոնից, բայց ապարդյուն։

Լուիզան շատ գեղեցիկ ձայն ուներ և որոշել էր գնալ Իտալիա ձայնը մշակելու։ Նրան այնտեղ դիմավորելու էր իրենց հարևաններից մեկը՝ Կավալլարոն։ Լուիզա մեկնելուց առաջ ջերմ համբուրեց Լևոնին և խոստացավ, որ Լևոնի նվիրած գրիչով ամեն օր նամակ կգրի իրեն։ Լևոնը փոքր-ինչ խանդեց Կավալլարոին, բայց միաժամանակ նաև ուրախ էր․․․

Նա նվագում էր նավաստիների համար և այդպիսով փող վաստակում։ Մի օր նրան թալանեցին և գողացան իր կիթառը, բաճկոնը և կոշիկները։ Ամենից շատ նա ցավում էր իր ձախ կոշիկը կորցնելու համար, քանի որ ձախ կոշիկի մեջ էր պահում վեց ամսվա ընթացքում իր վաստակաց ամբողջ գումարը, որը պլանավորել էր ծախսել՝ Իտալիա մեկնելու և Լուիզային հանդիպելու վրա։ Տղային որոշ չափով հանգստացնելու համար հեղինակը նրան ասում էր, որ Լուիզա կարող է գոռոզացած լինի իր հաջողություններից և այդ պատճառով ջերմ չի էլ ընդունի նրա այցը։ Որոշ ժամանակ անց նա սկսում է նորից նվագել և աշխատել։ Նավաստիներից մեկին շատ դուր գալիս նրա նվագը և նա խոստանում է Լևոնին իր նավով տանել դեպի Իտալիայի ափերը։

Այդ օրը լուր է գալիս, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոնի հետ և մեկ տարով նրանք տեղափոխվել են Պարիզ։ Լսելով այս լուրը ուրախ Լևոնը մեկ ակնթարթում կորցնում է իր ամբողջ խինդը։ Հարգանքից ելնելով նա շնորհավորում է նրա հարազատներին, թեկուզ և ոչ սրտանց։

Այդ գիշեր Լևոնը տուն չի վերադառնում և հեղինակը մտահոգված լինելով, որոշում է փնտրել նրան։ Լևոնի ընկերները՝ Չաուշենկոն և Իցկոն, իմանալով իրողությունը նույնպես շտապում են գտնել Լևոնին, քանի որ գիտեին, որ ինքը տաքարյուն մարդ է։ Բայց նրանց փնտրտուքները արդյունք չեն տալիս։ Երբ հեղինակը վերադառնում է տուն, որոշ ժամանակ հետո տարօրինակ ձայներ է լսում իրեն տան բակից։ Լևոնին գտել էին․․․ Նավաստիները հանել էին նրան ջրից “Խերսոն” շոգենավի տակից, որ երկու շաբաթից հետո պիտի տաներ նրան Իտալիա․․․

Լևոն

Լևոնը 18 տարեկան մի պատանի էր, նիհար, գունատ դեմքով, կուրծքը փոքր-ինչ ներս ընկած: Հագած էր մուգ կապտագույն գոտևոր, կարճ բաճկոն, որի կուրծքը զարդարված էր ասրյա խաչաձև ծոպերով և նույն գույնի նեղ վարտիք: Ձեռքին բռնած էր մի կակուղ կանաչագույն գլխարկ` փետուրով զարդարված, նման այն գլխարկներին, որ դնում են թափառաշրջիկ հույն անդրիավաճառները կամ իտալացի երաժիշտները: Նրա դեմքի գծերը կանոնավոր էին ու նուրբ, աչքերն ունեին ինչ-որ մելամաղձիկ արտահայտություն: Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Բոլոր արտիստները ճանաչում են նրան, բոլորին նա ծառայություններ է անում, և բոլորը սիրում են նրան յուր հեզության և աշխուժության համար: Նա ոչ մի ներկայացում բաց չի թողնում, մանավանդ իտալական խմբի ներկայացումները: Նա ցերեկներն էլ թատրոնումն է կամ նրա շուրջը:

Նա ազնիվ է որպես նորածին և զգայուն` որպես քնարի լար։ Նա, ինչպես և յուր մայրը, խոսում էր ռուսերեն լեզվով` տաճկական արտասանությամբ:

Posted in Նար Դոս, գրականություն 9

Ես և նա վերլուծություն

Ուժեղ և թույլ կամքի մասին պատմող գեղեցիկ մի պատմվածք է Նար-Դոսի «Ես և Նա»-ն: Ես-ը, ով չդիմանալով կյանքի փորձություններին, ով սիրո տված առաջին իսկ ապտակից գլորվեց դեպի կյանքի հատակը, կարդալով Նա-ի մասին, հասկանում է արդեն անուղղելի իր թուլությունը:
Ես-ը իրավաբանական փայլուն կրթություն էր ստանում, ամբողջ սրտով սիրահարված և նվիրված էր իր սիրած աղջկան, և համոզված էր, որ այդ զգացմունքները փոխադարձ էին: «Բայց… Օ՜հ այդ բայցը…» Աղջկա մի երկտողը փոխում է երիտասարդի ամբողջ ապագան, քարշ տալիս դեպի հարբեցողության թմրեցնող և «հաճելի» աշխարհ, որտեղ առանձնակի ճնշում են Ես-ին վատ շրջապատն, ու ի վերջո հասցնում կործանման:
Իսկ Նա-ն լինելով թափառաշրջիկ ջութակահար, գեղեցկուհի Ջուլիետայի հայտնի երկտողից հետո(«Հայրս ասաց, որ իմ և քո միջեւ անանց անդունդ կա: Մենք վերեւն ենք, դու՝ ներքեւը, էլ մի՛ գա: Մոռացի՛ր ինձ: ) բարձրանում է կյանքի գեղեցիկ աստիճաններով, դառնում հայտնի ջութակահար Անտոնիո Բոնվինին: Եվ իր գեղեցիկ համերգներից մեկի ժամանակ տեսնելով գեղեցկուհի Ջուլիետային, ցույց է տալիս խնամքով ծալված, պահած և փայփայած երկտողը, որը մեկին կարող էր գցել կյանքի ճահիճների մեջ, իսկ մյուսին բարձրացնել:
Այս երկու տարբեր հոգու տեր մարդկանց համադրությունը փորձում է ընթերցողին ցույց տալ թույլ կամքի ուժի կործանարար հատկությունը:
Պատմվածքում փորձել գտնելը ճիշտը կամ սխալը ճիշտ չէ, քանզի այստեղ խոսվում է մարդու կամքի մասին: Ամեն մարդ ունի իր կամքն ու տեսակետները, իր ուժը` պայքարելու կյանքի դժվարությունների դեմ: Մարդ արարածը տարբերվում է մյուսներից իրեն ներաշխարհով, որը մարդուն դարձնում է ունիվերսալ, իսկ ասելը, որ նա սխալ արեց, կամ ճիշտ արեց՝ սխալ է:
Պատմվածքում, ոչ թե պետք է գտնել հերոսների արարքների ճիշտը կամ սխալը, այլ պետք է դասեր քաղել, խորհել, թե դուք ինչ կանեիք այդպիսի դեպքերում, փորձեք հասկանալ և դասեր քաղել հերոսների անձնական փորձից, եւ ինչու՞ ոչ, համալրել նաեւ ձեր հոգեկանը ևս մեկ առավելությամբ:

Posted in Սայաթ Նովա, գրականություն 9

Սայաթ Նովա

Հայ գրականության ինքնատիպ ու հանճարեղ անուններից է Սայաթ-Նովան։ Նա սիրո և իմաստության երգիչ է, աշուղ-
բանաստեղծ: Ծնվել է 1722 թ., իսկական անունն է Հարություն Կարապետի Սայադյան: Սայաթ-Նովա աշուղական կեղծանունը պարսկերենից թարգմանած նշանակում է երգի որսորդ: Սայաթ- Նովան ինքն իրեն համրում էր «խալխի նոքար», այսինքն՝ ժողովրդի ծառա:

Դեռևս անհիշելի ժամանակներից ժողովուրդների մեջ մեծ սեր են վայելել իրենց սեփական երգ ու նվագով հանդես եկող երգիչները (աշուղները): Նրանք ոչ միայն գրում էին երգի բառերն ու երաժշտությունը, այլև իրենք էլ կատարում էին այդ երգերը որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ: Սայաթ-Նովայի գործիքը քամանչան էր, որը նա գովերգում է իր խաղերից մեկում («Ամեն սազի մեչըն գոված») և համարում լավագույնը բոլոր նվագարանների մեջ:

Աշուղների երգերի հիմնական թեման սերն է. սերը կնոջ նկատմամբ, սերը արդարության, ճշմարտության, բարու և գեղեցիկի նկատմամբ: Սայաթ-Նովայի ստեղծագործության հիմնական թեման նույնպես սերն է: Նրա ստեղծագործությունը հայ գրականության մնայուն արժեքներից է, անցած դարերը չեն կարողացել հնացնել այն:

Posted in գրականություն 9, Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի

Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նա սրբացվել է:

Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։ 2015 թվականի փետրվարին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի ստեղծագործություններում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։

Հայտնի է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափերին գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նարեկացին Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին էր։

Մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Ուսումը ստանալուց հետո Գրիգորը նույն Նարեկա վանքում դարձել է վանական, ստացել վարդապետի աստիճան և զբաղվել մանկավարժությամբ ու գրական աշխատանքներով: Այդ ժամանակ էլ ստանում է Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

Posted in գրականություն 9

Արա Գեղեցիկ և Շամիրամ

Արա Գեղեցիկը Հայաստանի թագավորն էր, Շամիրամը՝ Ասորեստանի թագուհին։ Վերջինս, լսած լինելով հայոց արքայի գեղեցկության մասին, առանց տեսնելու, սիրահարվել էր նրան և տենչում էր հանդիպել։ Ամուսնու մահից հետո նա ընծաներով Արայի մոտ է ուղարկում իր պատգամավորներին՝ խնդրելով նրան գալ իր մոտ, ամուսնանալ իր հետ և թագավորել Ասորեստանում։ Արան մերժում է Շամիրամի պատգամավորներին։ Շամիրամն իր զորքով շտապում է Հայաստան։ Նա հրամայում է, որ կռվում Արային չսպանեն։ Կռվի արդյունքում հայոց զորքը պարտվում է, Արա Գեղեցիկը՝ զոհվում։ Շամիրամը հրամայում է դիակը դնել վերնատանը, որպեսզի արալեզ ոգիները կենդանացնեն նրան։ Եվ երբ հայոց զորքը վրեժ լուծելու համար պատրաստվում է ճակատամարտի, Շամիրամը իր մարդկանցից մեկին հագցնում է Արայի շորերը և հայտարարում, որ աստվածները կենդանացրել են նրան։ Դրանով նա խաղաղեցնում է Հայոց աշխարհի հուզմունքը։
Խորենացին Արա Գեղեցիկին պատկերել է որպես բարձր բարոյականության տեր հերոսի։ Նա գեղեցիկ է ոչ միայն արտաքինով, այլև ներքին մաքրությամբ։ Նա նվիրված էր իր սիրելի կնոջը, և Ասորեստանի նման մեծ ու հարուստ երկրի թագավոր դառնալու խոստումը նրան չէր կարող հրապուրել։

Արա Գեղեցիկի հակապատկերն է Շամիրամը։ Նա ցանկասեր էր, բռնակալ և Արայի հանդեպ ոչ թե սեր էր տածում, այլ տիրանալու տենչ։
Այս ավանդավեպը շարունակում է մյուսների հայրենասիրական և ազատասիրական գաղափարը։ Արան հետևելով Հայկ Նահապետի օրինակին, գերադասում է մեռնել, քան թե դավաճանել տուն ու հայրենիք։

Posted in գրականություն 9, նախագծեր 9

«Սասունցի Դավիթ» էպոս

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Ջոջ Մհեր, Դավիթ  և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։ Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։